Փետրվարի 19-ին Երևանում մեկնարկեց դեղերի կողմնակի ազդեցության դիտարկման համակարգի վերաբերյալ երկամսյա դասընթացը մայրքաղաքի պոլիկլինիկաների բժիշկների համար:
Ծրագիրը համատեղ նախաձեռնել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», ՓԲԸ-ն և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտը»: Դասընթացին մասնակցելու են Երևանի 23 պոլիկլինիկաների բժիշկները:
Ծրագրի նպատակն է մասնագետներին իրազեկել դեղերի կողմնակի ազդեցության դիտարկում իրականացնելու համար գրանցման քարտ-հայտագիր լրացնելու սկզբունքներն ու օրենքով սահմանված պահանջները:
ՀՀ «Դեղերի մասին» օրենքի համաձայն` Բուժկանխարգելիչ հիմնարկները, դեղատները և դեղերի իրացմամբ ու կիրառմամբ զբաղվող հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են կառավարության լիազորած մարմնին անհապաղ տեղեկացնել դեղերի անհայտ կողմնակի ազդեցության բոլոր դեպքերի մասին:
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ՀՀ-ում ԴԿԱ-երի մշտականդիտարկում է իրականացնում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», ՓԲԸ-ն: